Հայաստանի փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր՝ նոյեմբերի 18-ին, ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին եւ նրա հետ քննարկելի միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացման ժամկետների, ինչպես նաեւ օրակարգի հետ կապված հարցեր: Նիստը նախատեսվում է անցկացնել գալիք տարվա  առաջին եռամսյակում:

Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման առումով դրական դինամիկա է նկատվում: 2011թ.  Երեւանում կայացած հանձնաժողովի առաջին նիստից հետո աշխուժացել են տարբեր մակարդակի շփումներն ու փոխայցելությունները: “Միջկառավարական հանձնաժողովի նիստերի պարբերաբար կազմակերպումը կարեւոր նշանակություն ունի փոխգործակցության եւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման համար»,-նշեց  փոխվարչապետը:

Կողմերն անդրադարձան Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ  օդային ուղիղ հաղորդակցության հաստատման ուղղությամբ կատարվող քայլերին: Երկուստեք կարեւորվեց ինտենսիվ աշխատանքների իրականացումը, նշվեց, որ օդային կապի առկայությունը կնպաստի  առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը` պայմաններ ստեղծելով արտահանման, զբոսաշրջության զարգացման համար:

Ա. Գեւորգյանը ողջունելի համարեց նաեւ երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերը եւ առաջիկայում  Էլ Քուվեյթի պատվիրակության այցը Երեւան:

Փոխվարչապետն առանձնահատուկ անդրադարձավ նաեւ ենթակառուցվածքների ոլորտում նախանշվող համագործակցությանը: Նշվեց, որ առաջիկայում նախատեսվում է  «Քուվեյթ» հիմնադրամի պատվիրակության այցը Հայաստան`  Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի մանրամասներին տեղում ծանոթանալու նպատակով:

Դեսպանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ քննարկվում է Քուվեյթի Պետության կողմից Հայաստանի տուն-ինտերնատների աջակցության ծրագրի իրականացման հնարավորությունը:

Փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց դեսպանին` նման նախաձեռնության, ինչպես նաեւ սիրիահայերին աջակցելու աշխատանքներին ցուցաբերած  օժանդակության համար: