Եվրամիությունը կոպիտ ճնշում է կիրառում երկրների նկատմամբ՝ «Արեւելյան գործընկերությանը» միանալու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեեւի հետ հանդիպումից հետո:

«Ռուսաստանին դեռ սկզբնական փուլում սկսեցին մեղադրել այդ գործընթացին խոչընդոտելու մեջ, որ մենք ճնշում ենք «Արեւելյան գործընկերություն» հրավիրվող  երկրներին: Դա շատ անհիմն փաստարկ է, թեեւ այն մշտապես հնչում է այս կամ այն եվրոպացի պաշտոնյայի շուրթերից»,-ասել է Լավրովն ու հավելել. «Մեր դիրքորոշումը, ինչպես բազմիցս հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այն է, որ այս կամ այն փաստաթուղթը ստորագրելը կամ չստորագրելը յուրաքանչյուր կոնկրետ երկրի ինքնիշխան որոշումն է: Դա վերաբերում է նաեւ «Արեւելյան գործընկերությանը»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Եթե համեմատենք մեր, իմ կարծիքով, ազնիվ եւ ընկերական դիրքորոշումը, այն բանի հետ, ինչ անում են ԵՄ-ի որոշ ներկայացուցիչներ, ապա երեւի այն կողմից բավական կոպիտ ճնշում է գհործադրվում այդ երկրների նկատմամբ»,-նշել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Բրյուսելի կողմից օրինակ հայտարարվում է, թե «Դուք պետք է ընտրեք. կամ հետ դեպի մութ անցյալը, կամ մեզ հետ՝ պայծառ ապագա»: