Մայրաքաղաքի վարչական շրջաններում նոյեմբերի մեկից, նախատեսված ագրոպահանջներին համապատասխան, սկսվել են ծառերի աշնանային էտման աշխատանքները: Մասնագետների գնահատմամբ՝ աշնան վերջին եւ ձմռան առաջին ամիսներն այս գործընթացը ծավալելու լավագույն ժամանակաշրջանն են: Այս ընթացքում մայրաքաղաքում նախատեսված է ձեւավորման եւ սանիտարական էտի ենթարկել  շուրջ 17000 ծառ: Նպատակը մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում, բակերում ու պուրակներում առկա ծառատեսակների կենսունակությունը մեծացնելն ու, ձեւավորման շնորհիվ գեղեցիկ տեսքն ապահովելն է: Բանուկ փողոցներում ծառերի էտը կատարվում է նաեւ ճանապարհային նշանների տեսանելիությունն ու  արտաքին լուսավորությունը պատշաճ ապահովելու նպատակով: Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը նշել է, որ հետեւողական աշխատանքի արդյունքում  ձգտելու են, որ, ինչպես  սահմանված է չափորոշիչներով,  փողոցներում ծառերի բարձրությունը չգերազանցի 5, իսկ զբոսայգիներում՝ 7-10 մետրը: Մասնագետը նաեւ հավելել է, որ աշնանային փուլում խոր  էտի կենթարկվեն միայն տապալվելու վտանգ ներկայացնող բարդիները, որոնց արմատային համակարգն ինչպես հայտնի է, ավելի թույլ է: