«Սիվիլիթաս» հիմնադրամը, նոյեմբերի 18-ին, շուրջ 150 հյուրերի մասնակցությամբ ազդարարել է իր ներկայության մեկնարկը Ստամբուլում:
Հիմնադրամի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես նշվում է, որ Ստամբուլում Սիվիլիթասի ներկայությունը թույլ կտա, որ հիմնադրամի առցանց հեռուստաալիքը՝ ՍիվիլՆեթը, որն արդեն ավելի քան վեց ամիս է, ինչ հաղորդումներ է հեռարձակում Ստամբուլից, կանոնավոր եւ ավելի խորությամբ լուսաբանի այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ հայ համայնքին, մշակութային կյանքին, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ պաշտոնական եւ միջազգային շրջանակներին առնչվող թեմաները:
Սիվիլիթասի գործողությունների առանցքում կլինի նաեւ Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայի Հանրապետությունում հայերի ավանդի ու ժառանգության լուսաբանումը:
Սիվիլիթասի աշխատանքները Ստամբուլում կիրականացնեն հիմնադրամի երեւանյան գրասենյակի աշխատակիցները: Նրանք կմասնակցեն Ստամբուլում տեղի ունեցող հասարակական միջոցառումներին, կառաջարկեն նախագծեր ու ծրագրեր, որոնք կիրագործվեն ոչ միայն Սիվիլիթասի, այլեւ արդյունավետ համագործակցության ձգտող այլ հաստատությունների կողմից:
Սիվիլիթասի աշխատանքները կկազմակերպվեն Իսթիկլալ փողոցի Հիդիվյալ պալատի գրասենյակներում, որը հայկական հաստատություններին պատկանող բազմաթիվ հին շինություններից մեկն է:





























