Bloomberg գործակալությունը նոյեմբերի 18-ին աշխատանքից հեռացրել է Մայքլ Ֆորսայթին՝ գործակալությունում ինքնագրաքննության մասին տեղեկությունը հրապարակելու համար:

Լրագրողը մի քանի ամիս Հոնկոնգում նյութ էր պատրաստել Չինաստանի  Կոմկուսի բարձրաստիճան ղեկավարների ընտանիքների հետ երկրի խոշոր գործարարների ունեցած կապի մասին, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով New York Post-ը:

Երբ նյութը պատրաստ էր եղել, Bloomberg-ի ղեկավարությունը հրաժարվել էր այն հրապարակելուց: Դրանից հետո  Ֆորսայթն այդ մասին հայտնել էր այլ լրատվամիջոցների, մասնավորապես The New York Times-ին, New York Post-ին եւ Financial Times-ին:

 Լրագրողի խոսքով՝ հրապարակումից հրաժարվելու պատճառը Bloomberg-ի ղեկավարության մտավախությունն էր, որ ընկերությանը կարող են արգելել Չինաստանում բիզնեսով զբաղվելը: Նման բան եղել էր 2012թ., երբ Չինաստանի իշխանությունները ստիպել էին տեղական ընկերություններին հրաժարվել Bloomberg-ի բաժանորդագրությունից՝ երկրի ղեկավարության եկամուտների մասին հոդվածաշարից հետո: