Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցած երկու պայթյունների պատասխանատվությունը, որոնք խլել են 23 մարդու կյանք, կազմակերպել են «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունեցող ծայրահեղականները: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Աբդալլահ Ազզամի գումարտակ» անվանումը կրող խմբավորումը:
Վերջին տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել է 23 մարդ, վիրավորների թիվը հասնում է 146-ի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը: Ավելի վաղ նշվում էր 17 զոհի մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը՝ վկայակոչելով Բեյրութում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի միջազգային նորությունների խմբագիր Վահրամ Էմեյանին, հայտնել էր, որ մի քանի վայրկյան տարբերությամբ երկու պայթյուն է որոտացել Իրանի դեսպանատան մոտ: «Առաջին պայթյունն ավելի թույլ էր, երկրորդը ականապատված մեքենայի պայթյունն էր: Դեռեւս անհայտ է, թե վիրավորները Իրանի դեսպանատան աշխատակիցներ են, թե սովորական քաղաքացիներ, որոնք այդ պահին եղել են դեսպանատան մոտ»,-ասել էր նա:
Էմեյանը նշել էր, որ պայթյունները զգալի վնաս են հասցրել դեսպանատան եւ հարակից շենքերին, այրվում են տասնյակ ավտոմեքենաներ:





























