Գյումրիի «Մուշ-2» թաղամասի մոտ 25 բնակարան արդեն ապահովված է գազամատակարարմամբ, իսկ 1200 բնակարանում վերափոխված է օդածխատար համակարգը. այս փաստն այսօր արձանագրել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը՝ Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացում:
Աշխատանքների սահուն ընթացքին խոչընդոտող «փակ դռների» խնդրի կարգավորմանն ակտիվորեն աջակցում է Շիրակի մարզպետարանը:
Հետեւողական այս աշխատանքների ընթացքին հետեւող ՀՀ քաղաքաշինության նախարարը կարեւորել է այն հանգամանքը, որ «Գլենդել հիլզ» եւ «Արտինժեներինգ» ընկերությունները ժամանակացույցին եւ նախագծին համապատասխան արդեն ավարտում են օդածխատար համակարգի վերափոխման աշխատանքները եւ փուլային տարբերակով բնակարաններն ապահովվում են գազամատակարարամամբ: «Առաջիկա օրերին «Մուշ-2» թաղամասն ամբողջությամբ կապահովվի ջեռուցմամբ եւ տաք ջրով»,-ավելացրել է Թադեւոսյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերին Գյումրի կատարած այցի ընթացքում նախարար Սամվել Թադեւոսյանն անդրադառնալով այս խնդրին` բնակիչներին տեղեկացրել էր, որ «Մուշ-2» եւ «Անի» թաղամասերում նախորդ տարի շահագործման հանձնված 1756 բնակարանների օդածխատար համակարգի վերափոխման հարցն առաջացել էր քաղաքացիների անվտանգության լրացուցիչ միջոցառումների ապահովման անհրաժեշտությունից: «Նախարարության կողմից խնդիր էր դրվել կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերության առջեւ, տեղադրել յուրաքանչյուր տարի սպասարկման կարիք չունեցող, ավելի երկարատեւ օգտագործման ծխատար համակարգեր: Այսօրվա ծխատար համակարգերը համապատասխանում են նորմատիվներին, սակայն ամեն տարի սպասարկման կարիք ունեն: Հաշվի առնելով այս տարածքում ապրող բնակչության սոցիալական վիճակը, կառուցապատողի առջեւ երկարատեւ սպասարկման ծխատարների տեղադրման խնդիր դրվեց»,- նշել էր նախարարը:
Ավելացնենք, որ նախարար Սամվել Թադեւոսյանը շրջայց է կատարել նաեւ «Մուշ-2» թաղամասի եւ Ախուրյանի շինհրապարակներում, որտեղ մեկնարկել են լրացուցիչ համապատասխանաբար` 8 եւ 4 շենքերի կառուցման աշխատանքները: Այսօրվա դրությամբ «Մուշ-2»-ում ավարտված են կառուցվող 8 շենքերի հողային, ընթանում են 2 շենքի հիմնային հեծանների երկաթբետոնե աշխատանքները: Ախուրյանում մինչեւ տարեվերջ առանց ներքին հարդարման կավարտվի 3 շենքի աշխատանքները, իսկ մեկ շենքինը` եկող տարի: «Եկող տարվա ավարտին ծրագիրն ամբողջությամբ կավարտվի եւ լրացուցիչ ծրագրի արդյունքում եւս 1000 անօթեւան ընտանիք կապահովվի բնակարանով»,-հավելել է նախարար Թադեւոսյանը:




























