Հայաստանում միջին կենսաթոշակը կարելի է հասցնել մինչեւ 60 – 65 հազար դրամ (150 դոլար), եթե տնտեսության մեջ օլիգարխների տիրապետություն չլինի: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: 2014թ. Հայաստանում միջին աշխատանքային կենսաթոշակը նախատեսված է մինչեւ 36 հազար դրամ:
Կենսաթոշակի կրկնակի բարձրացման կարելի է հասնել, եթե շուկաները ազատագրվեն օլիգարխների տիրապետությունից: Ըստ նրա` այդ դեպքում կբարձրանան տնտեսական աշխուժությունը եւ բնակչության եկամուտները: «Օրինակ` վերջերս ինձ էր դիմել մի խոշոր գործարար եւ հարցնում էր, թե ձեռնտու է արդյոք այստեղ բջջային հեռախոսների վաճառքի ցանց բացել: Ես պատասխանեցի, որ չգիտեմ՝ձեզ իշխանությունը թույլ կտա՞»:
Անազատ շուկայի պայմաններում ներդրումները, ինչը նշանակում է նաեւ տնտեսական աճի տեմպերը, ցածր են հնարավոր մակարդակից: «Հայտնի է` որքան քիչ է զարգացած երկիրը, այնքան բարձր է ներդրումների եկամտաբերությունը: Հայաստանի նման երկրի համար (ըստ Համաշխարհային բանկի` հանրապետությունում 2012թ. մեկ բնակչի ՀՆԱ-ն կազմել էր 6645 դոլար) ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների 21% հարաբերակցության դեպքում տնտեսական աճը պետք է կազմեր 7%: Իսկ մեզ խոստանում են 5%, այն էլ` արհեստական», – եզրակացրել է Բագրատյանը:





























