Երկու տարի դադարից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման փաստը արդեն իսկ դրական է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հայտարարել Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Սակայն նրա խոսքով՝ ինչպես եւ ենթադրվում էր, ինչ-որ էական փոփոխություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տեղի չեն ունենա:

Նշենք, որ այսօր Վիեննայում Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել, որում ընդգծել են, որ նախագահները  համաձայնել են խթանել բանակցային գործընթացը, որն ուղղված է խաղաղ կարգավորմանը հասնելուն: Նրանք ԱԳ նախարարներին հանձնարարել են համանախագահների հետ միասին շարունակել աշխատանքը այն հիմքի վրա, ինչ մինչ օրս արվել է խաղաղ գործընթացը ամրապնդելու համար: Նրանք պայմանավորվել են հետագա ամիսներին եւս հանդիպել: Համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել մինչեւ ընթացիկ տարվա ավարտը: