ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան դեկլարատիվ հայտարարություն, եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական ճեղքման համար որեւէ նախադրյալ չկա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

Նրա կարծիքով, բանակցություններում իրական առաջընթացի համար հարկավոր է առաջին հերթին միջնորդ-երկրների միջեւ համաձայնության պահպանումը, կողմերի վրա մշտական ճնշման գործադրումը: «Եւ վերջապես, հարկավոր է Լեռնային Ղարաբաղի ընդգրկումը բանակցային գործընթացին: Միայն այդ դեպքում է հնարավոր առաջընթացը»,- նշել է Սկակովը:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո համանախագահների հայտարարության մեջ ասվում է. «Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը եւ հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին»: