Նոյեմբերի 21-ը աշխարհի բազմաթիվ երկրներում հայտարարված է չծխելու օր: Նույն օրը, ժամը 16:00-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 շենքին հարող հրապարակում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` «Երեւանն առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում կազմակերպում է հանրային միջոցառում` «Ընտրիր քո ճանապարհը» կարգախոսով:

Միջոցառման օրը Հյուսիսային պողոտայում կտեղադրվեն հատուկ դեկորացիաներով տաղավարներ, որոնք կպատկերեն կյանքը` ծխախոտի կործանարար ազդեցութան ուղեկցությամբ եւ` առանց դրա:

ՀԿԽԸ կամավորներն անցորդներին կլուսաբանեն ծխելու վնասների մասին` նրանց տրամադրելով տեղեկատվական նյութեր, նաեւ կխրախուսեն նետել ծխախոտները  համապատասխան արկղի մեջ, ինչի դիմաց նրանք կպարգեւատրվեն քաղցրավենիքով:

«Ընտրիր քո ճանապարհը» կարգախոսով անցկացվող հանրային միջոցառումն ամփոփում է «Երեւանն առանց ծխախոտի» ծրագիրը, որը Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում է ՀՀ նախագահի եւ Հայկական երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհով:

Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ` նպաստելով ծխողների թվի կրճատմանը: Ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի 10 դպրոցներում` 13-14 տարեկան շուրջ 1000 աշակերտների համար կազմակերպվել են ՀԿԽԸ-ի կողմից հատուկ մշակված դասընթացներ` ծխելու վնասների վերաբերյալ, տրամադրվել են տեղեկատվական նյութեր, անցկացվել է նկարչական մրցույթ: 

Խնդրի մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով պատրաստվել եւ հեռարձակվել է սոցիալական հոլովակ, տեղեկատվական բաներներ են տեղադրվել սոցիալական ցանցերում:  

Նոյմբերի 21-ին` օրվա խորհրդի մասին տեղեկացնելու նպատակով կուղարկվեն նաեւ բջջային հաղորդագրություններ: