Հայտնաբերվել է Կազանում վթարի ենթարկված Boeing-737-ի ինքնաձայնագրիչի ձայնագրությունը: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Միջպետական ավիացիոն հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Երմոլովը:
«Ձայնագրիչը Մոսկվա է ուղարկվել` դրանում առկա տեղեկատվության մշակման համար», - ասել է նա:
Քննությանը մոտ կանգնած աղբյուրները նոյեմբերի 19-ին հայտնել էին, որ Կազանում աղետի ենթարկված Boeing օդանավի ձայնագրիչներից մեկը դատարկ է եղել. գետնին բախվելիս սարքի միջից ընկել էր անձնակազմի խոսակցությունը պարունակող ձայներիզը:
Կազանում նոյեմբերի 17-ին վայրէջք կատարելիս Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից մեկնած Boeing 737-ը ընկել էր թռիչքուղու վրա եւ պայթել: Զոհվել էին բոլոր ուղեւորները` 44 մարդ, եւ անձնակազմի վեց անդամները: Զոհվածների թվում էին Թաթարստանի նախագահի որդի Իրեկ Մինիխանովը եւ Թաթարստանի ԱԴԾՎ-ի ղեկավար Ալեքսանդր Անտոնովը:





























