Հայաստանի սփյուռքի նախարարության եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության արդյունքում կողմերի միջեւ ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, նոյեմբերի 20-ին մեկնարկել է Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը:
Ինչպես նշել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լենա Հալաջյանը, ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր անձ 6 ամսվա ընթացքում կստանա ամսական 16.2 կգ պարենամթերք: Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը:
Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները կատարվել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի եւ Սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի գործընկերների եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների («Առաքելություն Հայաստան», Հայ օգնության միություն եւ այլն) հետ սերտ համագործակցությամբ:
Ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունը «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն է, որը շարունակելու է բաժանել պարենամթերք ծրագրում ներառված սիրիահայերին:




























