Մաքսային միությանն անդամակցելուն զուգահեռ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործաընկերների հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՊՄՀ-ում դասախոսության ընթացքում:

Շարմազանովը նոյեմբերի 20-ին այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ հանդես եկավ «Հայաստանը եւ աշխարհաքաղաքական զարգացումները» թեմայով դասախոսությամբ:

Դասախոսության ժամանակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին, մասնավորապես Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանն անդրադառնալիս ԱԺ փոխնախագահն առանձնացրել է դրա քաղաքական, տնտեսական, ռազմավարական եւ մշակութային բաղադրիչները: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, եւ երկկողմ հարաբերությունները շարունակում են սերտանալ բոլոր ուղղություններով:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ եվրոպական մեծ ընտանիքին Հայաստանի մերձեցմանը: Այս համատեքստում նա հատկապես կարեւորեց ժողովրդավարության, ազատ խոսքի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում, ինչպես նաեւ Հայաստանի պետական մարմիններում բարեփոխումների կուրսի անցկացումը: Նա նշել է, որ Մաքսային միությանն անդամակցելուն զուգահեռ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունն իր եվրոպացի գործընկերների հետ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպումը՝ նշելով, որ բանակցությունների վերսկսումն ինքնին դրական երեւույթ է: Նրա համոզմամբ՝ ԼՂ բանակցություններում լուրջ շրջադարձ կարող է լինել միայն այն դեպքում, երբ ԼՂՀ-ը դառնա բանակցությունների լիարժեք կողմ: ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն ու ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունեն:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Էդուարդ Շարմազանովն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի վերաբացումը ԼՂ հակամարտության կարգավորման հետ շաղկապելը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի բնորոշմամբ՝ Հայաստանի եւ Սփյուռքի հետ Թուրքիայի պատմական հարցերի կարգավորմանն անդրադառնալիս ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, եւ նրա եղելությունը քննարկման առարկա դառնալ չի կարող: