Անհրաժեշտ է նախապայմաններ ստեղծել, որպեսզի մեր պետությունում նույնպես արտաքին քաղաքականությունը վերահսկվի խորհրդարանի կողմից: Այս մասին նոյեմբերի 20-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: 

Նա պարզաբանել է, որ այդ հարցը կարող է լուծվել միայն սահմանադրական բարեփոխումների ճանապարհով: «Սակայն ես հանդես եկա  ավելի պարզ նախաձեռնությամբ՝ գիտակցելով, որ խորհրդարանական դիվանագիտությունն աստիճանաբար զարգանում է եւ ամրապնդվում: Ես փորձեցի հարցին մոտենալ ինստիտուցիոնալ համակարգի ներդրման տեսանկյունից», - նշել է Պողոսյանը:

Ըստ պատգամավորի` նախաձեռնության հիմնական իմաստն առաջին հերթին այն է, որ Հայաստանի խորհրդարանն ունի բարեկամական խմբեր այլ երկրների խորհրդարանների հետ: «Շատ հաճախ մենք լինում ենք տարբեր երկրներում եւ չգիտնեք, թե ինչպիսի ծրագրեր է այնտեղ իրականացրել Հայաստանը, այս տեսանկյունից շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի դեսպանը Երեւան վերադառնալիս թեկուզ 1-2 ժամով հանդիպի ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ խորհրդարանական բարեկամական խմբերի հետ` նոր հարցեր եւ խնդիրներ քննարկելու համար», - նշել է Թեւան Պողոսյանը: Նա հավելել է, որ խորհրդարանի կանոնակարգում առաջարկվում է  եւս մեկ փոփոխություն մտցնել. երբ նախագահը արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակում որեւէ երկրում, ապա այդ երկիր մեկնելով՝ դեսպանը պետք է այցելի նաեւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողով` դրա անդամների հետ ծանոթանալու համար: «Այս նախաձեռնությունն ստացել է կառավարության դրական գնահատականը եւ այս պահին այն սպասման փուլում է», - նշել է խորհրդարանականը: