Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Բրազիլիա: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Սան Պաուլոյում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բրազիլիայում ՀՀ հյուպատոսություն, որտեղ հանդիպեց հյուպատոսության աշխատակազմի հետ: Հովիկ Աբրահամյանը հայ-բրազիլական կապերի ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու համար պատվավոր հյուպատոս Հիլդա Տիրուհի Բուրմայանին պարգեւատրել է ԱԺ Պատվո մեդալով: ԱԺ նախագահը բարձր է գնահատել տիկին Բուրմայանի գործունեությունը եւ այն բարեգործությունը, որը նրա ընտանիքը իրականացնում է Հայաստանում եւ Արցախում:
Սան Պաուլոյի Հայկական ակումբում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Սան Պաուլոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացավ համալիրին: Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական առաջնահերթությունները, կարեւորել է Հայաստանի եւ սփյուռքի համագործակցությունը: ԱԺ նախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:
ՀՀ ԱԺ նախագահի հաջորդ հանդիպումը Հայկական բարեգործական ընդհանուր միությունում էր, որտեղ մի շարք հարցեր քննարկվեցին Բրազիլիայում գործող հայկական կառույցների անդամների հետ։
Սան Պաուլոյում ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները այցելել են Սուրբ Գրիգոր Հայ Առաքելական եկեղեցի, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հովիկ Աբրահամյանը հանդիպել է վարչական խորհրդի անդամների հետ, ինչպես նաեւ Սան Պաուլոյում գործող Դուրյան վարժարանի սաների եւ ուսուցիչների հետ:
Սան Պաուլոյում Հովիկ Աբրահամյանը հանդիպել է քաղաքապետ Ֆերնանդո Հադդադի հետ:
Ողջունելով Հովիկ Աբրահամյանին` Ֆերնանդո Հադդադը կարեւորել է ՀՀ ԱԺ նախագահի այցը Բրազիլիա եւ համոզմունք հայտնել, որ այն կխթանի հայ-բրազիլական հարաբերությունները տարբեր ոլորտներում: Նա բարձր է գնահատել հայ համայնքի գործունեությունը եւ ներդրումը Սան Պաուլոյի զարգացման գործում: Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել ամբողջությամբ հոգալու բրազիլահայ այն ուսանողների ուսման ծախսերը, ովքեր ցանկություն կհայտնեն կրթություն ստանալ Հայաստանի բուհերում: Ներկայացնելով քաղաքը եւ Սան Պաուլոյի կառավարման համակարգը` Ֆերնանդո Հադդադը նշել է, որ Սան Պաուլոն Բրազիլիայի ամենախոշոր քաղաքն է. տարածքը կազմում է 1523 քառ. կմ, բնակչության թիվը արվարձաններով մոտ 21 միլիոն է,ՀՆԱ-ն կազմում է Բրազիլիայի ՀՆԱ-ի 12 տոկոսը: Քաղաքապետը ընտրվում է ուղիղ ընտրություններով` չորս տարի ժամկետով:
ԱԺ նախագահը նշել է, որ Բրազիլիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն ամուր հիմքերի վրա են եւ կարեւորեց Բրազիլիայի նման տնտեսապես հզոր եւ միջազգային ասպարեզում ծանր կշիռ ունեցող երկրի հետ բազմակողմ համագործակցության զարգացումը: Նա շնորհակալություն է հայտնել քաղաքապետին հայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար եւ նշել, որ Սան Պաուլոն հանդիսանում է ամենահայաշատ քաղաքը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ապակենտրոնացված համագործակցությունը եւ միջռեգիոնալ հարաբերությունների հաստատումը, ինչը մեծ դերակատարություն կարող է ունենալ երկու երկրների միջեւ ակտիվ գործնական կապեր ձեւավորելու եւ դրանք ավելի ընդլայնելու հարցում: Այս համատեքստում նա գոհունակությամբ փաստել է Երեւանը եւ Սան Պաուլոն քույր քաղաքներ հռչակելու փաստը, ինչը հիմք դրեց երկու քաղաքներում կրթական եւ մշակութային կյանքի աշխուժացմանը, ինչպես նաեւ հայ եւ բրազիլացի ժողովուրդների միջեւ հարաբերությունների ջերմացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում զգալի դեր է վերապահված միջխորհրդարանական կապերին եւ համոզմունք հայտնեցին, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության պաշտոնական այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը եւ բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը:





























