Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երեւան:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորելու պաշտոնական արարողությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ միասին այցելել եւ ծաղիկներ է դրել Իսակովի պողոտայի Երեւանյան լճի հարեւանությամբ գտնվող հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանին:
Հյուրին ներկայացնելով հուշակոթողը՝ քաղաքապետը նշել է, որ այն հայ ժողովրդի եւ աշխարհասփյուռ հայ համայնքների երախտագիտության յուրօրինակ խորհրդանիշ է Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի արաբ ժողովրդին՝ Հայոց Մեծ եղեռնից փրկվածներին օգնություն ցուցաբերելու համար:





























