Այսօր՝ նոյեմբերի 20-ին ավարտվել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության երկօրյա պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի ընթացքում կայացել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի եւ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեցող հայ-հունական պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը եւ կարեւորել են համագործակցության հետագա զարգացումը ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության, հատուկ նշանակության զորքերի պատրաստության եւ խաղաղապահության ոլորտներում: Բանակցությունների ընթացքում հունական կողմը պատրաստակամություն է հայտնել լիակատար աջակցություն տրամադրել ՀՀ զինված ուժերի խաղաղապահ կարողությունների զարգացման եւ պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ համագործակցության իրավական հիմքը կազմող պայմանագրերի վերանայման եւ պաշտպանության բնագավառում համագործակցության համադրման համատեղ բարձր մակարդակի հանձնախումբ ստեղծելու վերաբերյալ, որը կուսումնասիրի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում համագործակցություն իրականացնելու հնարավորությունները:
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը նաեւ այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով եւ ծաղկեպսակ տեղադրելով հուշարձանին:





























