Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի համար որոշակի նախադրյալներ են պետք, որոնք այս պահին չկան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսում նշեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ես բավական հոռետեսորեն եմ վերաբերում այն հանգամանքին, որ Թուրքիան կարող է վերանայել իր մոտեցումը հայ-թուրքական հարաբերություններին եւ դադարեցնել այն կապել Լեռնային Ղարաբաղի հարցի հետ: Չեմ կարծում, որ Թուրքիայում պատրաստ են գնալ իր քաղաքականության որեւէ փոփոխության»,-ասել է նա:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի բոլոր վերջին հայտարարությունները, Սաֆրաստյանի խոսքով, առաջին հերթին, իմիտացիոն քայլերի հիմք են ստեղծում, որոնք կապված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:
Երկրորդ հանգամանքը, թուրքագետի ներկայացմամբ, ԵՄ-ի հետ Թուրքիայի բանակցությունների վերսկսումն է: «Այնպես որ սա միայն թուրքական կողմի «դիվանագիտական հնարքներն» են»,-ընդգծել է նա:





























