Միջին մասնագիտական կրթությունը նույնպես պահանջված է մեր երկրում: Այս մասին Լոռիի տարածաշրջան այցելության ժամանակ նշել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը նախ այցելել է Վանաձորի ֆիզմաթ եւ բնագիտական թեքումով «Էվրիկա» հատուկ դպրոց, որը հայտնի է իր աշակերտների լուրջ հաջողություններով միջազգային օլիմպիադաներում: Արմեն Աշոտյանը շրջել է դասասենյակներում, զրուցել աշակերտների եւ ուսուցիչների հետ: Վերջիններս իրենց մտահոգությունն են հայտնել կրթօջախի շենքային պայմանների, լաբորատորիաների եւ մարզադահլիճի բացակայության ու տեխնիկական հագեցվածության անբավարարության վերաբերյալ: Դպրոցի շենքային պայմանների բարելավման խնդրի վերաբերյալ Ա. Աշոտյանը նշել է, որ այն գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում, եւ առաջիկայում ամեն ինչ կարվի` հարցին լուծում տալու համար՝ լինի դա պետական միջոցներով, թե միջազգային դոնոր կազմակերպությունների ներգրավվածությամբ:
Նախարարի հաջորդ կանգառը Վանաձորի պետական բժշկական քոլեջ էր, որտեղ եւս Ա. Աշոտյանը ծանոթացել է շենքային պայմաններին, առկա խնդիրներին: Հաստատության տնօրենը նշել է, որ քոլեջի շենքային պայմանները բավարար են, ուսանողների պակաս եւս չկա. ներկա դրությամբ քոլեջը շուրջ 700 ուսանող ունի:
Հատկանշական է, որ քոլեջում ուսանում են նաեւ բարձրագույն կրթությամբ ուսանողներ, ինչը, ըստ նախարարի, եւս մեկ անգամ վկայում է, որ միջին մասնագիտական կրթությունը նույնպես պահանջված է մեր երկրում:




























