ԱՊՀ երկրների տարածքում նոր արգելքներ ստեղծելն անընդունելի է, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը` նախօրեին Սանկտ Պետերուրգում ավարտված ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելով:

«ԱՊՀ մեջտեղում նոր արգելքներ ստեղծելը միանգամայն անընդունելի է եւ սխալ», — հայտարարել է վարչապետը: Ըստ Ազարովի` ԱՊՀ կառավարությունների ղեկավարները մանրամասն վերլուծել են իրադրությունն առեւտրատնտեսական բնագավառում եւ ընդհանուր եզրահանգումներ կատարել: Նա հույս է հայտնել, որ կայացած նիստը շրջադարձային կլինի տնտեսական զարգացման ներուժի աշխուժացման համար:  

Վարչապետը հիշեցրել է, որ ընթացիկ տարում Ուկրաինան կորցրել է ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառության 25%-ը` արհեստական սահմանափակումների հետեւանքով: «Ո՞ւմ է պետք նման սցենարը: Ոչ ոքի», - հայտարարել է Ազարովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կարծում եմ, որ ԱՊՀ մեր գործընկերները կսկսեն գիտակցել, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում, որը չի ավարտվում, ԱՊՀ-ի մեծ շուկայում ազատ առեւտուրն այնպիսի արժեք է, որը բարձր է ժամանակավոր հակասություններից եւ քաղաքական նկատառումներից», -նշել է Ուկրաինայի վարչապետը: