Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի փորձը հուշում էր, որ օրերս Վիեննայում Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը հայ  ռազմագերու հարցը չպետք է քննարկվեր: Այս մասին այսօր` նոյեմբերի 21-ին, ասուլիսի ժամանակ նշեց Լարիսա Ալավերդյանը: Խոսելով պատճառների մասին, նա ասաց, որ երկու տարվա ընդմիջումից հետո Ադրբեջանի կողմից արածների համար զղջման ժեստ չի եղել:

«Պետական մակարդակից բացի կա հարյուր ու մի ձեւ, բայց դա տեղի չի ունեցել: Ես չեմ կարծում, որ այդքան սառը վիճակում  խոսք կգնար պատանդի մասին: Պատանդի մասին խոսվում է  սովորաբար, երբ միմյանց հանդեպ  վստահության բավականին մեծ պաշար կա: Անգամ այն դեպքերում, երբ դու հանդիպում ես դրա համար, միշտ չէ, որ դու սկսում ես դրա մասին խոսել: Չեմ կարծում, որ այս մթնոլորտը տրամադրում էր ռազմագերու հարցի քննարկման համար»,- ավելացրեց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել օգոստոսի  8-ի գիշերը: Մեկ օր անց նրան տեղափոխել էին Բաքու: Ադրբեջանական կողմը տարատեսակ պատճառաբանություններով հետաձգում էր ռազմագերու եւ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն առաջին անգամ կարողացել էին այցելել 12 օր անց: