Թուրքիան սկսում է վճարել Սիրիայի նկատմամբ իր արկածախնդիր քաղաքականության համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսում նշեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ակնհայտ է, որ այն խմբավորումները, որոնց Թուրքիան մեծ օգնություն էր ցույց տալիս, փաստացի անցել են «Ալ Կաիդայի» վերահսկողության տակ: Թուրքիայի սահմանամերձ շրջաններում շատ ծանր իրավիճակ է ստեղծել, որտեղ մոտ 500 հազար փախստականներ կան Սիրիայից»,-նշել է թուրքագետը:
Նրա խոսքով՝ լարվել է նաեւ քրդական խնդիրը՝ Սիրիայի հյուսիսում ինքնավար քրդական պետական միավոր է ստեղծվում: Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում, ըստ Սաֆրաստյանի, ավերվել է տնտեսությունը:
«Ի մի բերելով կարելի է եզրակացնել, որ նախ, Թուրքիան կորցնում է վերահսկողությունը Սիրիայի հետ սահմանակից շրջաններում, երկրորդ, ուժեղանում է քրդական գործոնը»,-ընդգծել է թուրքագետը:
Սակայն, ըստ նրա, Թուրքիան շարունակում է տարածաշրջանում իր անարդյունավետ արտաքին քաղաքականությունը, որը վտանգավոր թե իր, թե տարածաշրջանի մյուս երկրների համար:





























