Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սկապինիին՝ պաշտոնավարման տարիներին կատարած նշանակալի աշխատանքի համար՝ ուղղված երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացմանը: Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է հայ-իտալական քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են տնտեսական հարաբերությունները, որոնք արտահայտված են նաեւ ապրանքաշրջանառության ծավալների ցուցանիշներում: Ռազմական, կրթամշակութային, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում եւս, ըստ Նախագահի, արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցություն է ձեւավորվել երկու երկրների միջեւ: Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանը եւ Իտալիան ունեն նաեւ միջխորհրդարանական սերտ շփումներ, հաջողությամբ է զարգանում ապակենտրոնացված համագործակցությունը: Այս ամենում, նախագահի համոզմամբ, մեծ է դեսպան Սկապինիի անձնական ներդրումը:
Դեսպան Բրունո Սկապինին իր համար՝ իբրեւ դիվանագետի, մեծ պատիվ համարելով Հայաստանում պաշտոնավարելը, ընդգծել է, որ անցած տարիներին Հայաստանը հայտնաբերել է նոր լույսի ներքո եւ տեղում անմիջականորեն զգացել, թե որքան մոտ են միմյանց համանման խառնվածք եւ հույզեր ունեցող հայերն ու իտալացիները, եւ որքան ընդհանրություններ ունեն Հայաստանն ու Իտալիան՝ պատմամշակութայինից սկսած մինչեւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ մոտեցումներն ու աշխարհայացքը:
Հրաժեշտից առաջ դեսպան Բրունո Սկապինին ընդգծել է, որ Հայաստանից հեռանում է այդ հիասքանչ երկիրն իր մտքում եւ սրտում մշտապես պահելու հաստատ վճռով եւ համարում է, որ չնայած ավարտվել է իր դիվանագիտական առաքելությունը, սակայն այդպիսով ամենեւին չի ավարտվել Հայաստանին ու հայ ժողովրդին, հնարավորության սահմաններում, մշտապես օգտակար լինելու իր անձնական առաքելությունը:





























