«Carrefour» ցանցը ներկայումս ակտիվորեն աշխատում է հայկական շուկա մուտք գործելու ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն՝ մեկնաբանելով ֆրանսիական «Carrefour»-ի՝ հայկական շուկա մուտք գործելու հեռանկարները:

Դեսպանի խոսքով՝ այսօրվա դրությամբ Հայաստանի կառավարությունում բոլոր պատասխանատուները, ում հետ նա քննարկել է այդ հարցը, միայն դրական պատասխաններ են տվել. «Բոլորը ցանկանում են, որպեսզի «Carrefour»-ը հիմնավորվի Հայաստանում: Ինձ մոտ հարց է ծագում, թե ինչպե՞ս «Carrefour»-ը չհաստատվի Հայաստանում, որտեղ նրան սպասում են եւ ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի ընկերությունը մուտք գործի հայկական շուկա»: Ռենոն նաեւ ընդգծել է, որ նա որպես դեսպան բավարարված է, որ Հայաստանում շատերն են ցանկանում շուկայում տեսնել «Carrefour»-ը: