Գյումրիում Վլադիմիր Պուտինին ընդունելու համար արտակարգ միջոցներ չեն ձեռնարկվի, NEWS.am-ի թղթակցին ասել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։
Ըստ նրա` կձեռնարկվեն քաղաքում եւ մարզերում բարձրաստիճան հյուրերի ընդունելության համար նախատեսված սովորական ընթացակարգեր: Լուրերը, թե ռուս նախագահի գալստյան համար հատուկ կփակեն Գյումրի մարզկենտրոնի բոլոր փողոցները, նա անվանել է անհիմն: «Դրա կարիքը եւ իմաստը չկա: Ռուսաստանի նախագահին կդիմավորենք ինչպես հարկն է: Սակայն նախ պետք է իմանալ, թե երբ է նա գալու», – հայտարարել է մարզպետը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան սպասվում է նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Այցի շրջանակում տեղի կունենա ռուս-հայկական միջտարածաշրջանային գործընկերության համաժողովը` ՌԴ-ի եւ Հայաստանի մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ:




























