Երեւանում աշնանային ծառատունկին 15 հազար ծառ եւ նույնքան էլ ծաղկող թուփ է տնկվել, ընդ որում, 12 հազարը՝ վարդ։
«Աշնանային ծառատունկին ծրագրված քանակով ծառերն արդեն տնկվել են, սակայն, քանի դեռ եղանակային պայմանները նպաստավոր են, մայրաքաղաքը դեռ կհամալրվի ծառերով։ Ծառերի լրացուցիչ քանակ է բերվել՝ 3000 գնդաձեւ ակացիա եւ սոսի։ Աշնանային ծառատունկ է իրականացվել այն տարածքներում, որտեղ ոռոգման ցանց կար կամ անցկացվել է այս տարի։ Երեւանի կանաչապատման գործում, անշուշտ, անելիքներ դեռ շատ կան։ Արդեն նախագծել ենք 2014 թվականին եւ՛ ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքների իրականացման ծրագիրը, եւ՛ նոր կանաչ տարածքների ստեղծման ծրագիրը։ Հաջորդ տարի անտառավերականգնման աշխատանքներն ենք շարունակելու այն տարածքներում, որոնցում եւս այս տարի ոռոգման ցանց է անցկացվել, տեղադրվել են պոմպակայաններ, մշտական ջրամատակարարաման խնդիրը լուծված է»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։
Հաջորդ շաբաթ շարունակվելու է համաքաղաքային ծառատունկի լրացուցիչ փուլը, որին զուգահեռ, Երեւանի քաղաքապետի հորդորով, տնտեսվարողները նույնպես շարունակելու են մշտադալարների տունկը՝ իրենց գործունեության տարածքների հարակից մայթերին։




























