Ուրուգվայը կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Այս մասին, նոյեմբերի 22-ին Ուրուգվայ պաշտոնական այցի շրջանակում Մոնտեվիդեոյում` Ուրուգվայի Գլխավոր Ասամբլեայում, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոն:
Նրա համոզմամբ` միջխորհրդարանական համագործակցությունը մեծ դերակատարություն ունի միջպետական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում, եւ նման այցերը նպաստում են երկու երկրների բարեկամության ամրապնդմանը:
Հովիկ Աբրահամյանը նույնպես կարեւորել է երկկողմ համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով եւ երկու խորհրդարանների համագործակցությունը տարբեր ձեւաչափերով: Նա կարեւոր համարեց երկու երկրների միջեւ ձեւավորված իրավական դաշտի արդիականացումը եւ ընդլայնումը, որը պարարտ հող կստեղծի տարբեր ոլորտներում, հատկապես առեւտրատնտեսական բնագավառում ակտիվ համագործակցության համար:
Զրուցակիցները կարեւոր են համարել միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, բարեկամական խմբերի համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Կողմերը շեշտել են, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
«Այսօր Հարավային Կովկասում ստեղծված փխրուն անվտանգության պահպանման անհրաժեշտության պարագայում առավել գիտակցված պետք է լինի միջազգային հանրության կողմից տարածաշրջանի երկրների հանդեպ հավասարակշիռ եւ անկողմնակալ դիրքորոշման կենսական նշանակությունը: Իսկ Ուրուգվայի՝ որպես բարեկամ երկրի սկզբունքային եւ արդարացի մոտեցումը հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ կարող է էական դերակատարություն ունենալ միջազգային ասպարեզում»,- ասել է ԱԺ նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Հովիկ Աբրահամյանը Խերման Կարդոսոյին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:





























