Ուրուգվայը պատրաստակամ է  օժանդակելու Հայաստանի շահերին առնչվող յուրաքանչյուր հարցում: Այս մասին, նոյեմբերի 22-ին, Մոնտեվիդեոյում, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն:

Ուրուգվայի արտաքին գերատեսչության ղեկավարը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցը  Ուրուգվայ եւ վստահություն հայտնեց, որ այն նոր որակ կհաղորդի հայ-ուրուգվայական բարձր մակարդակի հարաբերություններին: Նրա համոզմամբ` միջխորհրդարանական կապերը կարեւոր դեր եւ նշանակություն ունեն միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Լուիս Ալմագրոն շեշտեց, որ Ուրուգվայի իշխանությունները մեծ հարգանքով եւ ջերմությամբ են վերաբերվում հայ համայնքին:

Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց բարեկամ Ուրուգվայի հետ Հայաստանի  հարաբերությունները, կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը եւ տարբեր բնագավառներում փոխգործակցության ակտիվացումը:

Կողմերը գոհունակությամբ շեշտեցին միջազգային ատյաններում երկու բարեկամ երկրների միջեւ սերտ համագործակցության փաստը՝ փոխադարձ աջակցության սկզբունքով, ինչը, անշուշտ, շարունակական բնույթ կկրի:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց պարոն Ալմագրոյին  2011թ. սեպտեմբերին Մոնտեվիդեոյում կայացած Ուրուգվայի Հայ ազգային խորհրդի եւ Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ  ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հնչեցրած տեսակետի համար: Նա մասնավորապես ասել էր.

«Լեռնային Ղարաբաղը եղել եւ ներկայումս էլ անմիջականորեն կապված է Հայաստանին, նրա հայ բնակչությանը, եւ  Ղարաբաղի անկախությունը կամ ապագայում Հայաստանին միանալը լավագույն ճանապարհն է Լեռնային Ղարաբաղի համար»: Արձագանքելով պարոն Աբրահամյանին` Ուրուգվայի արտգործնախարարը նշեց, որ Ուրուգվայը, առաջինը ճանաչելով եւ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, հիմք դրեց Ցեղասպանության ճանաչման միջազգայնացման գործընթացին: