Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի դասախոս, Թբիլիսիում մահացած Գետահովիտի բնակիչ 26-ամյա Անժելա Վանեսյանի հայրը օրերս մեկնելու է Վրաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը:
Նա նշեց, որ աղջկա հայրը մեկնում է Վրաստան՝ անձամբ ծանոթանալու նրա դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, որից պարզ կլինի, թե ինչն է եղել մահվան պատճառ: Վրաստանից ընտանիքին բանավոր տեղեկացրել են, որ Անժելա Վանեսյանի մոտ աղիների ոլորում եւ բորբոքում է եղել, ինչն էլ մահվան պատճառ է դարձել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի դասախոս, Գետահովիտի բնակիչ 26-ամյա Անժելա Վանեսյանը սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Թբիլիսիում մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը: Աղջիկը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում ֆրանսերեն էր դասավանդում, Թբիլիսի էր գնացել որպես թարգմանիչ՝ տուրիստների հետ: Գյուղապետը նշել է, որ նա ամուսնացած չէր, ունի մեկ քույր, ով ամուսնացած է, ապրում է եղբոր եւ ծնողների հետ: Իսկ թե ինչն է եղել երիտասարդ աղջկա մահվան պատճառ, ապա, գյուղապետի փոխանցմամբ, նա թունավորվել է, դեղ է խմել փորացավի դեմ, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ չեն կարողացել կյանքը փրկել:





























