NEWS.am-ը նոյեմբերի 24-ից թողարկում է նոր նախագիծ՝ առողջության եւ բժշկության ձեռքբերումների մասին նորությունների կայքը՝ NEWS.am Medicine-ը:

Տվյալ նախագծի նպատակն է որակյալ եւ հավասարակշռված տեղեկատվություն հաղորդել մարդու առողջությանը սպառնացող վտանգների, այս կամ այն հիվանդության բուժման նոր մեթոդների, բժշկության նորարարական լուծումների մասին: Մենք կփորձենք մեր ընթերցողներին տեղյակ պահել համաշխարհային բժշկական գիտության զարգացման, հայաստանյան բժիշկների ձեռքբերումների մասին: Հայտնի մասնագետները կպատմեն ձեզ, թե ինչ պետք է անել որոշակի ախտանիշների դեպքում, նաեւ ինչ կտրականապես չարժե անել:

«Այսօրվա կյանքի արագընթաց ռիթմը նորանոր սպառնալիքներ է ստեղծում մեր առողջությանը, իսկ այդ ոլորտում որոշակի իմացությունը թույլ կտա ճիշտ գնահատել ռիսկերը: «Առողջ կենսակերպ» արտահայտությունն այսօր համաշխարհային տրենդ է դարձել, եւ շատերը հասկանում են, որ հենց դրա մեջ է պետք որոնել լուծումը: Ինչպես համատեղել «առողջ կենսակերպը» սարքերի եւ պլանշետների, աշխատանքային ծանրաբեռնվածության, սիրելի բազմոցի եւ հեռուստացույցի, անառողջ սննդի եւ այլեւայլ գայթակղությունների հետ, ահա հիմնական հարցերից մեկը, որ այսօր հուզում է մարդկությանը»,- ասում է NEWS.am Medicine-ի գլխավոր խմբագիր Անահիտ Սարգսյանը:

Մեր ուշադրության կենտրոնում են մարդկության հիվանդությունները՝ հին եւ նոր, նաեւ դրանք բուժման նոր մեթոդները, վիրաբուժության, օնկոլոգիայի, ՁԻԱՀ-ի բուժման ոլորտում ձեռքբերումները, նորարարական լուծումները:

«Գիտության զարգացման շնորհիվ մարդկությունը հնար է գտել հաղթել շատ հիվանդությունների, որոնք համարվում էին իրենց ժամանակի «ժանտախտը»: Բայց շատ հիվանդություններ դեռեւս մնում են անբուժելի, դրանց ավելանում են նորերը, ինչը բժշկության առաջ  բազում անհետաձգելի խնդիրներ է առաջ բերում:  Ուստի բժշկությունը հանդիսանում է գիտության առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը: Եվ մենք կփորձենք նույնքան դինամիկ կերպով հետեւել նրա ձեռքբերումներին»,- նշել է Ա.Սարգսյանը:

NEWS.am Medicine նախագիծը NEWS.am-ի՝ համացանցի հայկական եւ տարածաշրջանային սեգմենտի առաջատարի բաղկացուցիչն է:  Լրատվական հսկա NEWS.am-ը ներառում է նաեւ NEWS.am Sport մարզական նորությունների եւ տեղեկատվական-զվարճալի NEWS.am STYLE կայքերը: Մենք շարունակում ենք անընդհատ զարգանալ` միշտ մեկ քայլ առաջ գտնվելով:

NEWS.am-ը ձեր հուսալի գործընկերն է եւ նորությունների ձեր աշխարհը:

Եղեք հաջողակ, առողջ, գեղեցիկ եւ երջանիկ` մեզ հետ միասին:

Չմոռանաք մեր նախագծին միանալ Facebook եւ Twitter սոցիալական ցանցերում:

Մենք աշխատում ենք ձեզ համար: