Երեւանում կազմակերպված աշնանային ծառատունկի շրջանակում տնկվել է 32 հազար ծառ եւ թուփ: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 25-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է նաեւ, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ծառերի սանիտարական էտման աշխատանքները:

Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել հանրությանը էտման աշխատանքների վերաբերյալ՝ մանրամասն ներկայացնելով ծառերի երկարակեցությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով էտման այս կամ այն տեսակի անհրաժեշտ կիրառման մասին:

Անդրադառնալով մայրաքաղաքում ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ զեկուցվել է, որ հայտնաբերվել եւ  համապատասխան վարչական արձանագրություն է կազմվել 19 դեպքի մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել խիստ հսկողության տակ՝ բացառելու ապօրինի առեւտրի կազմակերպման հնարավոր դեպքերը:

«Մենք ստեղծել ենք համապատասխան հնարավորություններ թե՛ երեւանցիների եւ թե՛ գյուղական համայնքների մեր բնակիչների համար՝ իրենց առեւտուրը կազմակերպելու գյուղմթերքի եւ մինի շուկաներում, ինչպիսիք այսօր ունենք գրեթե բոլոր վարչական շրջաններում»,-նշել է Տարոն Մարգարյանը: