«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի եւ ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ հայտարարում են «Beeline Scholarship» ծրագիրի մեկնարկի մասին:

Առաջին անգամ «ԱրմենՏել»  ընկերությունը շուրջ 100 հայ ուսանողի կտրամադրի կրթաթոշակ` վճարելով նրանց մեկ կիսամյակի  ուսման վարձը: Տրամադրվող աջակցության գումարը չի կարող գերազանել  300.000 դրամը:

Ծրագրին կարող են մասնակցել երկրորդից չորրորդ կուրսերում վճարովի համակարգում սովորող այն ուսանողները, ովքեր մասնագիտանում են` սոցիալական եւ հումանիտար գիտություններ, արվեստ, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավունք, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, բիզնես կառավարում եւ ճշգրիտ ու բնական գիտություններ ոլորտներում:

«Համոզված եմ, որ մեր ծրագիրը հնարավորություն կընձեռի տաղանդավոր ուսանողներին ձեռք բերել այնպիսի մասնագիտություն, որն, անշուշտ,  օգտակար կլինի իրենց հայրենիքի համար: «Beeline Scholarship» ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, իսկ դա նշանակում է, որ 38 պետական համալսարանի ավելի քան 50.000 ուսանող կարող են դառնալ այս ծրագիրը մասնակիցը: Ինձ համար շատ հաճելի է, որ «ԱրմենՏել» ընկերության հերթական սոցիալական ծրագիրը, կօգնի երիտասարդներին ինքնուրույն ստեղծել պայմաններ ապագայում հաջողության հասնելու համար»,- նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Բրիտանական խորհրդի համար կարեւորագույն ուղղություն է կրթությունը: Beeline Scholarship ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ոչ միայն կրթաթոշակ ստանալ, այլեւ ընտրական հանձնաժողովում ընդգրկված մարդկանց ներկայանալ որպես ապագայում փոփոխություններ բերող մասնագետներ: Մենք ուրախ ենք համագործակցել «ԱրմենՏել»  ընկերության հետ եւ հուսով ենք, որ առաջիկայում ականատես կլինենք ծրագրի նկատելի արդյունքներին»,-ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

«Beeline Scholarship» ծրագիրն իրականացվելու է երկու հիմնական փուլով: Առաջին փուլում մասնակիցները պետք է ներկայացնեն «Ինչ փոփոխություն եմ պատրաստվում իրականացնել իմ ոլորտում» ծրագիր-առաջարկը: Երկրորդ փուլում Հայաստանի Հանրապետության Կրթության եւ Գիտության նախարարության, միջազգային, կրթական եւ բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներից, այդ թվում նաեւ կրթական ոլորտում առաջատար էքսպերտներից կազմված հանձնաժողովն առաջին փուլն անցած մասնակիցներից կընտրի այն 80-110 ուսանողին, ովքեր կարժանան  «Beeline կրթաթոշակ»-ին: Կրթաթոշակի գումարը չի կարող գերազանցել ուսանողի մեկ ուսումնական կիսամյակի համար նախատեսված գումարի չափը:

Մրցույթի պայմանները

Կրթաթոշակի համար կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր

• Հայաստանի պետական բուհերի ուսանող են,

• Մասնագիտանում են հետեւյալ ոլորտներից մեկում (սոցիալական եւ հումանիտար գիտություններ, արվեստ, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավունք, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, բիզնես կառավարում եւ ճշգրիտ ու բնական գիտություններ),

• Ուսանում են երկրորդից չորրորդ կուրսերում,

• Սովորում են վճարովի համակարգում եւ չունեն որեւէ այլ կրթաթոշակ (երկրորդ փուլն անցած ուսանողներից կպահանջվի հաստատում համալսարանից):

Ընտրության չափանիշները.

• Ստեղծարար մտածողություն,

• Գաղափարի արդիականություն,

• Նորարարություն,

• Ներկայացման եւ հաղորդակցական հմտություններ:

Հավասար միավոր ունեցող թեկնածուների դեպքում առավելությունը կտրվի սոցիալական խոցելի խմբերի եւ առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:

Մրցույթը բաղկացած է երկու փուլից:

Առաջին փուլ.

• Նոյեմբերի 25-ից  դեկտեմբերի 25-ը պետք է ներկայացնել «Ի±նչ փոփոխություն եմ պատրաստվում իրականացնել իմ ոլորտում» ծրագիր-առաջարկ ` 300-600 բառի սահմաններում: Ծրագիր- առաջարկը պետք է լինի հայերեն,

• Ծրագիր-առաջարկը կարող եք բեռնել Բրիտանական խորհրդի կայքում` www.britishcouncil.am կամ ֆեյսբուքյան էջում տեղադրված հատուկ հավելվածում` www.facebook.com/britishcouncil.am,

• Հրավիրված անկախ մասնագետները կընտրեն առաջին փուլն անցած մասնակիցներին:

Երկրորդ փուլ.

• Առաջին փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի,

• Հարցազրույցին ուսանողներն իրենց ծրագիր – առաջարկը պետք է ներկայացնեն տեսանյութի կամ պատկերացույցի միջոցով,

• Այս փուլն անցած մասնակիցները պետք է ներկայացնեն փաստաթուղթ համալսարանից, ըստ որի` նրանք սովորում են վճարովի համակարգում եւ չեն ստանում այլ կրթաթոշակ:

Հարցազրույցը կանցկացնեն համապատասխան ակադեմիական ոլորտի ճանաչված փորձագետները, ԱրմենՏել ընկերության, Բրիտանական խորհրդի եւ ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչները:

Հաղթողները կհայտարարվեն հունվարի վերջին:

Հաղթող ուսանողների շրջանակում Բրիտանական խորհուրդը կանցկացնի խաղարկություն, որի արդյունքում հաղթող ուսանողներից  մեկը հնարավորություն կունենա մեկնելու Միացյալ Թագավորություն եւ մասնակցելու դասընթացի:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է դեկտեմբերի 25-ը: