Լիբիայի բանակը Բենգազի քաղաքում արտակարգ դրություն եւ  մոբիլիզացիա է հայտարարել, որտեղ դաժան բախումներ են տեղի ունեցել սալաֆիների «անսար Շարիա» խմբավորման իսլամիստ գրոհայինների եւ բանակի ստորաբաժանումների միջեւ, հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը:

Բենգազիում օպերատիվ շտաբի ղեկավար, գնդապետ Աբդալլահ աս-Սաիթին «բոլոր զինվորականների մոբիլիզացիա» է հայտարարել: Նա պահանջել է զինվորականներից անհապաղ անցնել իրենց զորամասերի տրամադրության տակ: Հրամանում նաեւ նշվում է, որ զինվորական ծառայությունից խուսափելը կպատժվի օրենքի ողջ խստությամբ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Վերջին տվյալներով՝ 6 մարդ է մահացել եւ մոտ 40 մարդ վիրավորվել Բենգազիում տեղի ունեցած բախումների հետեւանքով: