Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իտալական Radio Uno Rai իտալական պետական ռադիոյի ուղիղ եթերում Սենատում իրեն սենատորի լիազորություններից զրկելու նպատակով սպասվող քվեարկությունն անվանել է պետական հեղաշրջում:
Իտալիայի գերագույն վճռաբեկ դատարանը օգոստոսի 1-ին հաստատել էր նախկինում Բեռլուսկոնիի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած դատավճիռը՝ նրա ստեղծած Mediaset մեդիախմբի ֆինանսական մեքենայությունների գործով: Քաղաքական գործիչը դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման, ընդ որում՝ նրա բանտարկության ժամկետը մեխանիկորեն կրճատվել էր մինչեւ մեկ տարի՝ 2006թ. Համաներման մասին օրենքի հետ կապված, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Անցյալ շաբաթ ելույթ ունենալով կողմնակիցների առաջ՝ Բեռլուսկոնին հայտարարել էր, որ ներման վերաբերյալ խնդրանք չի ներկայացնելու, սակայն միաժամանակ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին կոչ էր արել իր ներման մասին վճիռ կայացնել: Ի պատասխան՝ նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «տվյալ գործով նախագահի միջամտության հիմքեր գոյություն չունեն»:



























