Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Երեւան-Մոսկվա համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-ից 28-ը անցկացվող Երեւանի օրերին:
Այցի ընթացքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնական հանդիպում կունենա Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Այնուհետ երկու երկրների մայրաքաղաքների քաղաքապետերը կստորագրեն 2014-2016թթ. համագործակցության ծրագիրը:
Այցի ընթացքում նախատեսված է գործարար համաժողով, որի շրջանակում «Մետրոպոլ» հյուրանոցում կկազմակերպվի հայկական գինիների ցուցահանդես-համտես:
Երեւանի պատվիրակության այցի ծրագիրը հագեցած է նաեւ բազմաթիվ մշակութային ու մարզական միջոցառումներով, որոնք կմեկնարկեն նոյեմբերի 26-ին՝ հայոց գրերի ստեղծմանը նվիրված տոնական երեկոյով:
Նոյեմբերի 27-ին Միությունների տան սյունազարդ դահլիճում տեղի կունենա գալա-համերգ, որի շրջանակում դասական եւ էստրադային կատարումներով հանդես կգան պետական երիտասարդական նվագախումբը, ժամանակակից հայտնի հայ կատարողներ:
Մոսկվայում Երեւանի օրերի շրջանակում կկազմակերպվի «Հայկական մոտիվներ» խորագրով ցուցահանդես՝ կազմված Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանի հավաքածուներից: Կցուցադրվեն նաեւ ժամանակակից հայ գեղանկարիչ Կայծ Վանիկյանի ստեղծագործությունները: Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի կողմից կկազմակերպվի «Երիտասարդ հայ նկարիչները» ցուցահանդեսը:
Կ. Ստանիսլավսկու անվան Երեւանի պետական դրամատիկական թատրոնը Սվետլանա Վրագովայի «Մոդեռն» դրամատիկական թատրոնում հանդես կգա «Ամենը վաճառքի» ներկայացումով:
Այցելության ծրագրի կրթական մասով նախատեսվում է այցելություն Մոսկվայի արեւելյան լեզուների խորացված ուսուցմամբ թ. 2042 միջնակարգ հանրակրթական դպրոց:
Մոսկվայում Երեւանի օրերի շրջանակում կանցկացվեն նաեւ Մոսկվա-Երեւան պատանեկան մարզական խաղերը՝ ազատ ըմբշամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս մարզաձեւերում:
Նախատեսված են նաեւ մի շարք այլ միջոցառումներ, ինչպես նաեւ հանդիպում Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:




























