Վաղ թե ուշ Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման մասին համաձայնագիրը կստորագրվի, եթե ոչ Վիլնյուսի գագաթաժողովում, ապա, միգուցե, ավելի ուշ: Այս մասին նոյեմբերի 25-ին Երեւանում անցկացվող «Ուկրաինայի ընտրությունը. գործոններ եւ հետեւանքներ» թեմայով քննարկման ընթացքում հայտարարել է Եվրատլանտյան համագործակցության ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Գորբաչը, որը քննարկմանը միացել էր տեսակապով:

Ըստ նրա՝ Ուկրաինայում այս պահին իրադարձությունների նման զարգացում ոչ ոք չէր սպասում: «Կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ, ուկրաինական իշխանությունը մեծ առեւտուր է սկսել երկու կողմերի հետ էլ, սակայն հաշվի չի առնում, որ այդ գնորդները տարբեր նպատակներ ունեն, եւ որ նրանք էլ են միմյանց հետ առեւտուր անում», - նշել է Գորբաչը: Ըստ նրա՝ Ուկրաինայի իշխանությունը կօգտագործի դադարը եւ կփորձի պարզել Ռուսատանի հետ հարաբերությունները: Ըստ ուկրաինացի քաղաքագետի՝ ռուսական գազի սակագինը եւս մեկ ճնշում է ուկրաինական իշխանության վրա, սակայն, ամենայն հավանականությամբ, երկրների իշխանությունների միջեւ  հարաբերությունները մի փոքր այլ են  եւ միշտ չէ, որ տանում են ազգային շահերի իրագործման: «Այստեղ էական դեր են խաղում անձնական շահերը, ուկրաինական տարբերակում խոսքը գազային բիզնեսի մասին է: Հենց այդ հարցն էլ արգելակում է Ուկրաինայի առաջխաղացումն արեւմտյան ուղղությամբ», - նշել է Վլադիմիր Գորբաչը:

Ըստ նրա՝ եթե Ուկրաինան, մասնավորապես՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչը,  չհասցնի որեւէ պայմանավորվածություն ձեռք բերել ռուսական կողմի հետ նախքան Վիլնյուսը, ապա դրանից հետո Վլադիմիր Պուտինը կարող է Ուկրաինային նույնիսկ կապիտուլյացիայի պահանջ ներկայացնել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել էր ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի նախապատրաստումը: Նշված համաձայնագիրը պետք է ստորագրվեր ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» երրորդ գագաթաժողովում, որը կկայան նոյեմբերի 28 – 29-ին Վիլնյուսում: