Հայաստանի Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը եւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը այցելել են Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ Կենտրոն ենթակայան, հանդիպել բուժաշխատողների հետ։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Դերենիկ Դումանյանը, իր եւ ողջ նախարարության անունից շնորհակալություն հայտնելով շտապօգնության բուժաշխատողներին կատարած ամենօրյա հսկայական աշխատանքի համար, նշել է, որ հանդիպման նպատակը անմիջական շփումը եւ շտապօգնության բուժաշխատողների խնդիրներին ու առաջարկներին ծանոթանալն է։
«Մեզ հետաքրքրում են ձեր խնդիրները, որոնք կարող ենք միասին լուծել։ Մեզ անշուշտ մտահոգում է նաեւ վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ քաղաքացին ծեծի էր ենթարկել իր պարտականությունը պատշաճորեն կատարող շտապօգնության բժշկին, եւ ուզում եմ վստահեցնել, որ պայքարելու ենք, որ այդպիսի դեպքերը բացառվեն»,- նշել է նախարարը։
Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին մշտական ուշադրության, ինչպես նաեւ այս հանդիպումը նախաձեռնելու համար։ Քաղաքապետի տեղակալը եւս անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ կա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հստակ հանձնարարականը՝ անել հնարավորը այսուհետ նման անցանկալի դեպքերը բացառելու ուղղությամբ։
«Երեւանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման դեպքերը եւ հետեւողական է լինելու որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշել է Դավիթ Օհանյանը։
Ծանոթանալով բուժաշխատողների առաջարկներին ու խնդիրներին՝ Դերենիկ Դումանյանը հավելել է նաեւ, որ առաջիկայում ներկայացվելու է շտապօգնության նոր հայեցակարգը, որը էապես կնպաստի ոլորտի զարգացմանը։




























