Մալայզիայի ԱԳՆ-ն հրավիրել է Սինգապուրի բարձր հանձնակատարին (ունի դեսպանի կոչում)՝ այդ քաղաք-պետության կողմից արեւմտյան պետություններին Մալայզիայի մասին լրտեսական տեղեկություններ հավաքելիս աջակցելու մասին լուրի հետ կապված, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը:
Սկանդալի համար հիմք են ծառայել ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը: Դրանցում մասնավորապես հաղորդվում է, որ Սինգապուրի հետախուզությունը օգնություն է ցուցաբերել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի հատուկ ծառայություններին՝ Մալայզիայի մասին տեղեկություններ հավաքելիս՝ դրա համար կիրառելով ստորջրյա մանրաթելային SEA-ME-WE 3 մալուխ, որը մասամբ պատկանում է Singapore Telecommunications հեռահողորդակցական ընկերությանը: Ընկերությունը ոչ մի կերպ չի արձագանքել այս հրապարակումներին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Եթե փաստաթղթերի արժանահավատությունն ապացուցվի, դա լուրջ խնդիր կստեղծի: Մալայզիայի կառավարությունն այս կապակցությամբ վճռական բողոք է արտահայտում: Մալայզիան եւ Սինգապուրը բարեկամական երկրներ են, իսկ նրանցից մեկի կողմից լրտեսություն անընդունելի է», - հայտարարել է երկրի արտգործնախարար Անիֆա Ամանը:
Երկու պետությունները տնտեսական սերտ կապեր ունեն: Սակայն որոշ հարցերում, մասնավորապես՝ Ջոհորի նեղուցում կամուրջի կառուցման հարցում, տարաձայնություններ կան:



























