Փրկարար ծառայությունը նոյեմբերի 26-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի 16-րդ թաղամասի թիվ 30 շենքի 14-րդ հարկից լսվել է պայթյունի ձայն եւ ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻ օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ 16-րդ թաղամասի  թիվ 34 շենքի 89-րդ բնակարանում 20կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք եւ պայթյուն, առանց հրդեհի բռնկման. տուժածներ չկան:

Ըստ թիվ 89 եւ թիվ 96 բնակարանների բնակիչների` պայթյունի հետեւանքով երկու բնակարանների հյուրասենյակների ընդհանուր պատին առաջացել է մոտ 5 մետր երկարությամբ ճաք: