Թուրքիայի Իզմիր նահանգի Գազիօսմանփաշայի փոխքաղաքապետ Յըլմազ Օզքանը քաղաքային խորհրդի նիստի ժամանակ ռասիստական արտահայտություն է արել հայերի, հույների եւ հրեաների հասցեին:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Գազիօսմանփաշայի Սարըգյոլ թաղամասում հին կացարանների քանդումից հետո նոր բնակարանների վաճառքի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Քաղաքային խորհրդի մի մասը պնդել է, թե նոր կառուցված բնակարանները պետք է վաճառվեն միայն  Գազիօսմանփաշայի բնակչությանը, իսկ մյուս մասը փոխքաղաքապետի հետ հակադարձել են, թե միայն քաղաքի գնորդները շատ քիչ են եւ պետք է այլ նահանգների բնակիչներին եւս հնարավորություն տալ գնելու։

Այս վիճաբանության համատեքստում Գազիսօմանփաշայի փոխքաղաքապետ Յըլմազ Օզքանը ասել է. «Այստեղ այնպես են ներկայացնում, կարծես, թե մենք դրսից հայերին, հույներին եւ հրեաներին ենք բնակարանները վաճառում»։ Փոխքաղաքապետի այս խոսքին խիստ են արտահայտվել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամները եւ հանդիպումից հետո քաղաքապետարանի կայքից ջնջել են այս արտահայտությունը։