«Արեւելյան գործընկերության» գագաթաժողովից սպասելիքներն այն են, որ ԵՄ-ն բարձրագույն մակարդակով հանդիպում կունենա գործընկեր երկրների հետ եւ կամփոփի երկու տարվա ընթացքում իրականացված աշխատանքը, NEWS.am եւ «Արմենպրես» գործակալությունների հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը:

Ի պատասխան հարցին, թե արդյոք Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, Լորենցը նշել է, որ  գագաթաժողովներից հետո համատեղ հայտարարություն է ընդունվում, որը ստորագրում են բոլոր մասնակիցները: «Առաջարկում եմ համբերել եւս երկու օր եւ սպասել քաղաքական առաջնորդների որոշմանը», - ասել է ԵՄ ներկայացուցիչը:

Ուկրաինայի առնչությամբ նա հայտարարել է, որ ԵՄ-ի դիրքորոշումն այդ հարցում բավական հստակ է. «Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ մեր առաջարկն ուժի մեջ է՝ պայմանով, եթե Ուկրաինան քաղաքական կամք դրսեւորի եւ անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնի»: Նրա խոսքով՝ «Կիեւի եւ այլ քաղաքների  վերջին դեպքերը ցույց տվեցին, որ երկրի բնակչությունը կողմ է եվրաինտեգրմանը»:

Դիվանագետը նաեւ հավելել է, որ «Արեւելյան գործընկերությունը» հաջող ծրագիր է համարում՝ նկատելով, որ չի կարելի մի քանի րոպեում ինչ-որ բանի հասնել: Նա ընդգծել է, որ «Վիլնյուսին հաջորդելիք շրջանը շատ հետաքրքիր կլինի», քանի որ Հայաստանն ու ԵՄ-ն հարաբերությունները խորացնելու ցանկություն են հայտնել: «Մեր ընդհանուր խնդիրն է գործնականում հասկանալ՝ ինչ է դա նշանակում»,- ամփոփել է Լորենցը: