Հայաստանի որոշումը միանալ Մաքսային Միությանը ռազմավարական կարեւոր որոշում էր: Այս մասին հայտարարել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահ Վիլեն Խլղաթյանը, ով ելույթ-դասախոսությամբ է հանդես եկել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում (IWP):
Լեհական հետազոտությունների «Kosciuszko» կենտրոնի աջակցությամբ կազմակերպված այս միջոցառմանը ներկա են գտնվել դիվանագետներ, ակադեմիական, հետազոտական համայնքի ներկայացուցիչներ եւ միջազգային հարաբերությունների մասնագետներ:
Ելույթը նվիրված էր Ուկրաինայի երկընտրանքին՝ ստորագրել Ասոցացման համաձայնագիր Եվրոպական Միության հետ, թե միանալ Ռուսաստանի կողմից նախաձեռնված Մաքսային Միությանը, եւ Հայաստանի սեպտեմբերին կայացված որոշմանը՝ միանալու Մաքսային Միությանը:
Խլղաթյանը խոսել է Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետեւանքների մասին, մասնավորապես, թե ինչպես այն կանդրադառնա երկրի հասարակական-քաղաքական եւ տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հետ Կիեւի հարաբերությունների վերահավասարակշռմանը, եթե Ուկրաինան որոշի գնալ Բրյուսելի, այլ ոչ թե Մոսկվայի ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաեւ Ասոցացման համաձայնագրի հիմնարար սկզբունքներին, հատկապես այն պահանջներին, որ դրված են Յանուկովիչի վարչակազմի առաջ, եւ Ուկրաինայի անորոշությանը՝ լիարժեքորեն հանձնառելու ինտեգրացիայի եվրոպական կուրսը: Խոսվել է նաեւ Վլադիմիր Պուտինի եւ Վիկտոր Յանուկովիչի նոյեմբերի սկզբներին կայացած հանդիպման մասին դրա գաղտնի բովանդակության տեսանկյունից եւ այն մեծ հավանականության մասին, որ նախագահ Պուտինը խոշոր ներդրումային առաջարկություններ է խոստացել Կիեւին՝ առաջիկայում Վիլնյուսի գագաթաժողովին Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու դիմաց:
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահի ելույթի մյուս մասը նվիրված էր պաշտոնական Երեւանի կողմից ընդունված ռազմավարական որոշմանը` հրաժարվելու Ասոցացման համաձայնագրի համար անհրաժեշտ ԵՄ-ի հետ երեքամյա բանակցություններից եւ փոխարենը միանալու Մաքսային Միությանը, որը հիմնված է՝ կերպափոխվելու Եվրասիական Միության 2015թ.-ին. ինչպես է Հայաստանի այս որոշումը նշանավորում Հայաստանի մոտ 20 տարվա արտաքին քաղաքականության կոմպլիմենտարության ռազմավարության ավարտական փուլը, եւ ինչու էր այդ քաղաքականությունն այլեւս դարձել ոչ կենսունակ: Խլղաթյանն ավարտել է ելույթը հնարավոր տարբերակներ առաջարկությամբ, որ Հայաստանի Կառավարությունը կարող է հետապնդել իր արտաքին քաղաքականության մեջ:




























