Վանիկ Բաբախանյանը մեկն է այն 25 անձանցից, ում ընտանիքը անօթեւան է մնացել Գուգարքում բռնկված հրդեհի հետեւանքով:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ համայնքի կողմից արդեն ստացել են 80 հազարական դրամ օգնությունը, այն դեռ չեն ծախսել, պահել են, որ հանկարծ այլ աջակցություն չլինի, գոնե կարողանան այդ գումարով ձմռանը ապրել:
Վանիկ Բաբախանյանի ընտանիքում նրա կինն է, մայրը եւ երեք անչափահաս երեխաները: Նա հանդիպել է Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, ով նշել է, որ տուժած ընտանիքների բնակարանների խնդրի լուծման հարցը անձամբ նախագահի ուշադրության կենտրոնում է, Կառավարությունը քայլեր կձեռնարկի:
Այժմ ընտանիքը ապրում է ծանոթներից մեկին պատկանող մի տնակում, հարմարությունների մասին պետք չէ խոսել, դրանից բացի՝ հրդեհի հետեւանքով նրանք որեւէ իր չունեն: Հագուստի հարցով օգնել են բարեգործական կազմակերպությունները, ընկերները: Ընտանիքում միայն հայրն է աշխատում էլեկտրական ցանցերում, ստանում է մինչեւ 100 հազար դրամ աշխատավարձ: Հարցին, թե ինչպես են ապրում այդ գումարով, Վանիկ Բաբախանյանը պատասխանեց. «Դրանով չենք ապրում, բանկերով ենք ապրում, մեկին տալիս ենք, մյյուսից ենք վերցնում»:
Ինչ վերաբերում է հրդեհին, բնակչի փոխանցմամբ, ամեն ինչ վայրկյանների ընթացքում է եղել. «Ես տանը բաղնիքում լողանում էի, պատրաստվում էի վաղը աշխատանքի գնալու, ճվճվացին, դուրս եկանք, հրդեհ էր, կողքից էր բռնկվել, ոնց որ թե վառարանից է եղել: Դե դա 1988թ սարքված փայտյա շինություն էր, վտանգավոր, ամեն րոպե կարող է հրդեհ բռնկվեր: Չկարողացանք կողմնորոշվել, թե ինչ հանենք տնից, արագ եղավ ամեն ինչ»,-ասաց Վանիկ Բաբախանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փրկարար ծառայությունը նոյեմբերի 24-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում այրվում է երկհարկանի փայտյա բնակելի շինություն, որում առկա է վեց ժամանակավոր կացարան՝ 25 անձանցով:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Ժամանակին բնակիչները տարհանվել են: Զոհեր եւ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.52-ին: Այրվել են Ժ. Մ.-ին, Վ. Հ.-ին, Վ. Բ.-ին, Օ. Շ.-ին, Ա. Ս.-ին եւ Հ. Շ.-ին պատկանող բնակարանները (ընդհանուր՝ 300քմ):




























