Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը տեղյակ է բեզոարյան այծի ապօրինի որսի եւ դրանում նախկին ու ներկա պաշտոնյանների մասնակցության մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը:

Նա նշեց, որ հասկանալու համար մասնակիցների ներգրավվածության աստիճանը, չափը, մեղավորության աստիճանը՝ պետք է սպասել իրավական գործընթացի ավարտին: «Իրավական գնահատականներին կհաջորդեն նաեւ վարչական գնահատականներ»,- ասաց մարզպետը: Դեպքի հետ կապված նա չի զրուցել Եղեգնաձորի նախկին քաղաքապետի եւ Վայքի ներկայիս փոխքաղաքապետի հետ, այդ մասին տեղեկացել է ոչ միայն լրատվամիջոցներից, այլեւ հաղորդագրություն է ստացել ոստիկանությունից, սպասում է իրավական գործողություններին:

Էդգար Ղազարյանը նշեց, որ որոշ ժամանակ աշխատել է որսին մասնակից Եղեգնաձորի նախկին քաղաքապետի հետ: «Մենք ոչինչ չենք կարող անել, տեղական ինքնակառավարման մարմինները պետական իշխանության համակարգի մաս չեն կազմում, չենք կարող նաեւ քաղաքապետին հանձնարարել ինչ-որ բան անել, բայց կարծում եմ՝ իրավական գնահատականները ենթադրում են որոշակի գործողություն: Եթե մարդը մեղավոր է ճանաչվում, դրան հաջորդում են վարչական պատասխանատվություն՝ կախված դատարանի որոշման բովանդակությունից, խնդիրը իրավական հարթությունում է, պետք է սպասել նրանց որոշումներին»,- ասաց մարզպետը:

Էդգար Ղազարյանն ասաց նաեւ, որ ճանաչում է թե նախկին քաղաքապետին, թե փոխքաղաքապետին: «Ապօրինի որսորդությունը իմ ամենաչսիրած երեւույթն է, կուզենայի, որ մեր երկրում առհասարակ որսորդության բոլոր տեսակները արգելված լինեին: Ես սիրում եմ դաշտերում զբոսնել, կրակել պայմանական թիրախներին, բայց ոչ երբեք կենդանիների վրա»,- նշեց Վայոց Ձորի մարզպետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում բեզոարյան այծի որս է գրանցվել: Գործը հարուցվել է Վաչագան Աշոտի Ղարախանյանի դեմ, ով ասել է, որ «ինքն է կրակել եւ սպանել կենդանուն», նա դեռ որեւէ կարգավիճակ չունի: Բեզոարյան այծին որսալուց հետո նրանք ցանկացել են կենդանուն տանել, հացկերույթ կազմակերպել, սակայն աղմուկ է բարձրացնել, խոսակցություններ են եղել եւ չեն կարողացել տանել:

Վաչագան Ղարախանյանից բացի՝ մեքենայում եղել են նախկին եւ ներկա պաշտոնյաներ: Մեր տեղեկություններով՝ մեքենայում նրանից բացի եղել են Վահան Սաղաթելյանը, Արայիկ Մուրադյանը, Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, Վայքի այժմյան փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանը: Ի դեպ, ոստիկանությունը ավելի ուշ հաստատել էր մեր հաղորդած տեղեկությունները: