Վայոց ձորում բեզոարյան այծի որսի հետ կապված հարուցվել է քրեական գործ, կան կասկածյալների շրջանակ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:

Գործը հարուցվել է ՔՕ-ի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ամբողջությամբ արգելված կենդանու որսը, որը բնությանը հասցվել է խոշոր չափի վնաս, խոսքը մոտ 3 մլն դրամի մասին է:

Գործը հարուցվել է Վաչագան Աշոտի Ղարախանյանի դեմ, ով ասել է, որ «ինքն է կրակել եւ սպանել կենդանուն», նա դեռ որեւէ կարգավիճակ չունի: Բեզոարյան այծին որսալուց հետո նրանք ցանկացել են կենդանուն տանել, հացկերույթ կազմակերպել, սակայն աղմուկ է բարձրացնել, խոսակցություններ են եղել եւ չեն կարողացել տանել:

Վաչագան Ղարախանյանից բացի՝ մեքենայում եղել են նախկին եւ ներկա պաշտոնյաններ: Մեր տեղեկություններով՝ մեքենայում նրանից բացի եղել են Վահան Սաղաթելյանը, Արայիկ Մուրադյանը, Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, Վայքի այժմյան փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում բեզոարյան այծի որս է գրանցվել: NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, բնապահպաններն ու պատկան մարմինները երեկ ստուգայց են կատարել այս տարածքում եւ Արենի տանող ճանապարհին վիրավոր բեզոարյան այծ նկատել:

Կարմիր գրքում գրանցված կենդանու վնասվածքը հրացանի կրակոցից է եղել: Որսի մեջ կասկածվող խումբը հայտնի է: Ըստ նախնական տեղեկությունների, տվյալ խումբը կաքավի որսի է դուրս եկել եւ նկատելով բեզոարյան այծին՝ կրակել է:

Նշենք, որ բեզոարյան այծը գրանցված է Կարմիր գրքում եւ որսը քրեորեն պատժելի արարք է: