Ռումինիայում կայացել է Հայ դատի գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ, եպիսկոպոս Թադեւ Հակոբյան-Մուրադյանը, Հանուն արդարության ու ժողովրդավարության Եվրոպայի հայկական դաշնության նախագահ Կասպար Կարապետյանը, Բելգիայի Հայ դատի գրասենյակի անդամ Իրինա Մանուկյանը:
Ինչպես գրում է «Asbarez»-ը, թեմի առաջնորդը բաղկացուցիչ նիստը բացելիս ընդգծել է հավատարիմ մարդկանց խումբ ունենալու անհրաժեշտության մասին, ովքեր կպայքարեն հանուն հայերի ազգային հարցերի, ինչպես նաեւ Ռումինիայում Հայ դատի գրասենյակի առկայության անհրաժեշտության մասին: Նա անբեկանելի աջակցությունն է հայտնել ու պատրաստականությունը կանգնել Հայ դատի գրասենյակի կողքին:
Հանուն արդարության ու ժողովրդավարության Եվրոօայի հայկանա դաշնության նախագահ Կասպար Կարապետյանը իր բավարարվածությունն է հայտնել, որ ամբողջ աշխարհում գործող Հայ դատի գրասենյակների ցանցին է միացել նոր կարեւոր մասնիկը: Կարծիքների փոխանակումից հետո նախագծվել են կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների ծրագրերը, որոնք ժամանակի ընթացքում կներկայացվեն հայ համայնքին:
Ռումինիայի Հայ դատի գրասենյակն իր ծրագրերով ու միջոցառումներով կբարձրացնի Ռումինիայի բարեկամական ու հյուրընկալ հասարակության ու քաղաքական ղեկավարության տեղեկացվածությունը հայերի խնդիրների ու հայ ժողովրդի արդար պահանջների վերաբերյալ:




























