Անցյալ գիշեր Իրաքում պայթյունների եւ ահաբեկչությունների մի ամբողջ շարք է տեղի ունեցել: Արյունալի իրադարձությունների հետեւանքով զոհվել է 70 մարդ: Խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել երկրի մայրաքաղաք Բաղդադի հարավում. շիական մի խումբ ուխտավորների կողքին պայթել են երկու ականապատ մեքենաներ: Զոհվել է 23 մարդ, 50-ը վիրավորվել, հայտնում է AP-ն: Reuters-ը նշում է, որ բոլոր զոհվածները շիաներ են, որոնք այս շաբաթ նշում են «Աշուրա» հոգեւոր տոնը:

Մասուլում գրոհայինները գնդակոծել են երթուղային ավտոբուսը` սպանելով 12 եւ վիրավորելով ութ մարդու: «ՌԻԱ Նովոստին» նշում է, որ  Բեյջի քաղաքում գրոհայինները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա, շենքի դարպասների մոտ մեքենա պայթեցրել, բաժանմունք են ներխուժել երեք մահապարտներ, որոնք ռումբեր են գործի դրել: Զոհվել է ութ ոստիկան, տուժել` հինգը:

Ըստ տեղի իշխանությունների հայտարարության` ահաբեկչությունն ուղղված էր բանտարկված սունիներին ազատագրելուն:  Եվս մի քանի ահաբեկչություններ են կատարվել Բաղդադում եւ Իրաքի այլ քաղաքներում:

Ըստ Իրաքի իրավապահ մարմինների` երկրում լարվածության աճը կապված է իսլամական երկու խոշոր համայնքների` սունիների եւ շիաների հակամարտությամբ: