Երբ երկիրը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ապա փոխարժեքի վերելքներն ու վայրէջքները բնական երեւույթ են, եւ բնակչությունը պետք է սովորի դրանց: Ապրիլի 9-ին «Ուրբաթ» ակումբում այդ մասին հայտարարել է Արժույթի Միջազգային հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան՝ անդրադառնալով փոխարժեքի վերջին օրերի տատանումներին:

«Ցանկացած զարգացող երկրում, որտեղ որ փոխարժեքը լողացող է, փոփոխական է, միշտ էլ նա, ով գրազ կգա իր ազգային արժույթի դեմ, նա կկորցնի»,- այսօր ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսան: Նրա խոսքով, փոխարժեքի տատանումները շատ հաճախ պայմանավորված են հենց փողոցային, մանր սպեկուլյացիաներով, այլ ոչ խոշոր կազմակերպությունների գործարքներով:

«Շատերը կորցրեցին, վնաս կրեցին, երբ դոլար գնեցին 415 դրամով, իսկ հետո վաճառեցին 395-ով: Ես կարծում եմ նման վարքագիծը կշարունակվի, երբ որ բնակչությունը սովորի նրան, որ նման զարգացումները, նման շարժերը տեւական են լինելու: Երբեմն նրանք, ովքեր դոլար են գնում շահում են, իսկ երբեմն էլ տանուլ են տալիս: Դրանք սպեկուլյացիաներ են, որոնք իրենց մեջ որոշակի սթրեսային բաղադրիչ ունեն եւ միջնաժամկետ կտրվածքով ենթադրում են որոշակի կորուստներ: Այն տնտեսություններում, որոնք աստիճանաբար բարելավվում են, ուժեղանում են, նման երկրներում ազգային արժույթը սովորաբար միջնաժամկետ հատվածում ուժեղանում է: Թեեւ այդ ընթացքում կարող են վերընթաց կամ վարընթաց զարգացումներ լինեն, բայց ընդհանուր միտումը դեպի ազգային արժույթի ուժեղացումն է»,- իր խոսքն ամփոփեց ԱՄՀ ներկայացուցիչը: