2009 թվականի հունիսի 12-ին տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները։ Ընտրությունների արդյունքում ձայների գերակշիռ տարբերությամբ քաղաքապետ դարձավ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Բեգլարյանը։ Վերջինս բոլոր երևանցիներին խոստանում էր մաքուր, բարետես, ասֆալտապատ, առանց աղբահանության խնդրի և, ի վերջո, գեղեցիկ Երևան։
Այդ կապակցությամբ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ջանասիրաբար սկսեց քանդվել մայր Երևանի կիսաքանդ փողոցների, բնակելի շենքերի բակերի, մայթերի, անցումների ասֆալտը՝ նոր, ավելի որակյալ ասֆալտապատման նպատակով։ Քանդելը` քանդեցին։ Բայց այ ասֆալտապատելը տեղ-տեղ մոռացան։ Այժմ Երևանում կարելի է հանդիպել կիսաքանդ և կիսաասֆալտապատ բակեր, որտեղ երեխաները ոչ միայն չեն կարողանում խաղալ, այլև պարզապես հանգիստ քայլել։ Իսկ որ բակերում էլ որ մարդկանց բախտը բերել է, ու առանց քանդելու են ասֆալտել, ասֆալտը փռել են, բառիս բուն իմաստով, հողով ու աղբով ծածկված գետնի վրա, այսինքն 1-2 տարուց այդ բակը կկանգնի նույն «կոտրած տաշտակի» առաջ։
Իսկ երևանցիներն էլ, որ արդեն սովոր են քաղաքի կիսատ-պռատ արտաքինին, առանձնապես չեն արձագանքում այդ ամենին, այլ միայն կյանքի մեծ փորձով կոփված, հայավարի ասում են. «Սպասենք չորս տարի և մնացած մասերն էլ կասֆալտապատեն, իսկ հիմա սովորեք խճաքարի վրայով քայլել և ցատկել»։



















